ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
«Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետ կապված միջանկյալ միջոցների (ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ կանոնի) կիրառման մասին՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառման մասին Հայաստանի կողմից ուղարկված միջնորդության հիման վրա:
Ըստ հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել մարդու իրավունքների կոնվենցիայի լրջագույն խախտումների, դատարանը վճիռ է կայացրել ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ կանոնի կիրառման մասին: Նման խախտումները կանխելու համար Դատարանն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զերծ մնալ այնպիսի միջոցառումներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել կոնվենցիայով նախատեսված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, այդ թվում ՝ վտանգել նրա կյանքն ու առողջությունը: