ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես եկավ մարտակոչով՝ դիմելով վերջին մեկ տարում զորացրվածներին․
«Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված, խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածները ենթակա չեն զորահավաքի, բայց նրանք են ամենամարտունակ մեր ռեսուրսը»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով․
«Տղե’րք, հայրենիքն ունի ձեր կարիքը, ես արդեն ասել եմ, որ սա մի նոր Սարդարապատ է։ Սա ոչ թե ուղղակի Արցախի հարց է, այլ հայոց ցեղասպանությունը շարունակելու հարց է։ Մենք մեր ժողովրդին պետք է պաշտպանենք ցեղասպանությունից։ Եթե ոտքի չկանգնենք, ենթարկվելու ենք ցեղասպանության»։
Վարչապետն ասաց, որ վերջին մեկ տարում զորացրված մոտավորապես 10 000 երիտասարդ կա Հայաաստանում, ու եթե անգամ դրա կեսն էլ զինվորագրվի, ապա ռազմական ռեսուրսը զգալի կավելանա։
Ուստի օրենսդրորեն չնախատեսված այս հավաքի համար կարևոր է անգամ սեփական զինվորական հագուստով, սաղավարտով, զրահաբաճկոնով, ձմեռային բաճկոնով ներկայանալը։
«Անկեղծ ասեմ, որ նրանք մարտական հերթափոխի համար չէ, որ կանչվում են։ Նրանք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու համար»,- ասաց ՀՀ վարչապետը։