Ինչ երեկ տեղի էր ունեցել Մատաղիսում, երբ թշնամին խուճապահար փախուստի էր դիմել, նույնն ասյօր հարավում է եղել։ «Ուղղակի հարավից տեսանյութ չունենք»,-այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոչին, Հովհաննիսյանը նկատեց, որ զորահավաքն այսպիսի պայմաններում բնական երևույթ է: Իսկ հարցին, թե այսօր ինչ օբյեկտներ են հօդս ցնդել, ինչպես երեկ Գյանջայի օդանավակայանը, ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ միշտ չէ, որ հօդս ցնդած օբյեկտների անունները նշվում են. «Տեղին չէ, միշտ հայտնել մարտական գործողությունների մասին մանրամասները: Իրավիճակները ստատիկ չեն, միշտ փոփոխվում են, սուր, դինամիկ զարգացման մեջ են: Այնպես, որ սպասեք լավ լուրերի»:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի շուրջ 220 զոհված զինծառայող, զոհեր կան քաղաքացիական անձանց շրջանում։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: