Ադրբեջանի պահանջը՝ Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման գրաֆիկի տրամադրում, հազիվ թե իրագործելի լինի։ Այս մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանում՝ Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ։
«Իրադրությունը տարածաշրջանում գնալով վատանում է։ Ադրբեջանի արտգործնախարարը ինձ հետ հեռախոսազրույցում հնչեցրել է իր պահանջները Հայաստանի հանդեպ ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու համար։ Խոսքը գնում է տարածաշրջանից հայ զինվորականների դուրսբերման գրաֆիկի տրամադրման մասին, ինչը հազիվ թե կատարվի», – ասել է Բորելը։
ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչը նաեւ նախազգուշացրել է հակամարտության մեջ օտարերկրյա խաղացողների ներգրավման վտանգի մասին, հայտարարելով, որ տարածաշրջանում տարածվում են բազմաթիվ կեղծ տեղեկություններ, որոնք ուղղված են հակամարտության մասնակիցների բնակչության համախմբմանը եւ օտարերկրյա աջակցություն ներգրավելուն: Նա կարծում է, որ հակամարտության գոտուց տեղեկատվությանը պետք է վերաբերվել մեծ զգուշավորությամբ, հատկապես այն պայմաններում, երբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատանքը դադարեցվել է:
Բորելը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու մասին Եվրամիության դիրքորոշումը: Եվրախորհրդարանի նստաշրջանում տեղի ունեցած քննարկման ժամանակ եվրոպացի շատ պատգամավորներ կարծիք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թուրքիայի նախագահի կողմից Օսմանյան կայսրությունը մասնակիորեն վերակենդանացնելու եւ հարեւան տարածաշրջանների ՝ Սիրիայի, Լիբիայի, Արեւելյան Միջերկրածովյան, Հարավային Կովկասի վրա Թուրքիայի ազդեցությունը տարածելու փորձերի արդյունք է: