Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 440 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: