Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը:
Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ս.թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում:
Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: