Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարար Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետևանքով մեծաթիվ տեղահանվածների մասին: Նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանի կողմից իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների վրա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությանը և դրան հաջորդած իրավիճակին՝ ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին հայտնեց, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը և խախտելով ձեռքբերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:
Զոհրաբ Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ուղեկցվող ադրբեջանական ագրեսիայի շարունակման համար թողտվություն:
Զրուցակիցներն ընդգծեցին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: