Այսօր վաղ առավոտյան նորից ադրբեջանական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացրել հյուսիսային և հարավային ուղղություններով, առավել համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Այդ մարտերի ընթացքում մեր զինված ուժերին հաջողվել է կասեցնել մի քանի գրոհ և հետ շպրտել հակառակորդին ելման դիրքերը։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա դիտարկմամբ՝ երեկ երեկոյից սկսած մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության՝ ընդ որում 2020 թ-ի սեպտեմբերի արտադրության՝ «Բայրաքդար» տեսակի ԱԹՍ։
Նա տեղեկացրեց, որ այս պահին էլ իրավիճակը լարված է ու մարտերը շարունակվում են, չնայած ՝ ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: