Գիտեք, որ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության կարգավորման միակ միջազգային հարթակն է: Իրանը, որպես տարածաշրջանի կարևոր երկրներից մեկը, ունի առանցքային դերակատարություն ու, իհարկե, այս դերակատարությունը այժմ կարող է կենտրոնանալ ռազմական գործողությունները դադարեցնելու վրա:
Մենք ողջունում ենք Իրանի ցանկացած քայլ՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ: Այս մասին «Իրան» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի նա Իրանի նախագահ Ռոհանիի՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջնորդ հանդիսանալու առաջարկին, և Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կարող է միջնորդական դեր ստանձնել:
ՀՀ վարչապետն ասել է՝ միջազգային մակարդակով ապացուցված է, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից տարածաշրջան են տեղափոխվել ահաբեկիչ-վարձկաններ, և դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար:
Ցավոք, տարածաշրջանի երկրները լուրջ չեն վերաբերվել այս փաստին, բայց, անկասկած, օտարերկրյա ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, որոնց հետևանքների ականատեսը կլինենք տարածաշրջանում: Տարածաշրջանի երկրները պետք է ավելի լուրջ վերաբերվեն այս հարցին: