Միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին և կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար:
Միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին և կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա:
Կրկին նախազգուշացնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք…
Իսկ ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, ևս մեկ անգամ հորդորում ենք հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով և մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։