Վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ։ Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
«Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար»,-նշված է հաղորդագրության մեջ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։