Կոմիտեի աշխատակիցների կողմից ևս 100 միլիոն դրամ է փոխանցվել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միահամուռ ջանքերով 25 միլիոն դրամ փոխանցվել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հաշվեհամարին:
«Միաժամանակ շարունակելով մասնակցությունը համազգային դրամահավաքին՝ ՊԵԿ աշխատակիցները, որպես սոցիալական փաթեթի շահառուներ, իրենց գումարները ևս փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահի դրությամբ հիմնադրամի հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է շուրջ 75 միլիոն դրամ, և գործընթացը շարունակական է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն, պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես նախաձեռնել և միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին՝ փոխանցելով 30 մլն դրամ: Իսկ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր ևս 400 մլն դրամ:
«Գործընթացը շարունակական է, և կոմիտեի աշխատակիցներն իրենց ուժերով պարբերաբար աջակցություն են ցուցաբերելու «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Հայաստան» համահայկական հիմանդրամներին»,- նշել է ՊԵԿ-ը։