1997թ․ հայ-ռուսական պայմանագրի երկրորդ կետը վերաբերում է նրան, որ եթե պետություններից մեկը նկատմամբ կա ռազմական սպառնալիք, ապա այդ կողմը դիմում է մյուսին, որպեսզի համապատասխան միջոցառումներ սկսվեն։ Այս մասին Հանրային հ/ը-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
ՌԴ-ի հետ համատեղ կգնահատենք քաղաքական, դիվանագիտական և ռազմական սպառնալիքի և օգնության չափը, նշել է նա։
Ըստ Հարությունյանի՝ Ռուսաստանը նույնպես գնահատում է ստեղծված իրավիճակը, քանի որ Հայաստանին սպառնացող ահաբեկչական սպառնալիքը վտանգներ է պարունակում նաև իր համար,, որի մասին խոսել են թե՛ Պուտինը, թե՛ Նառիշկինը, թե՛ Պատրուշևը։ «Սիրիա մուտք գործելու որոշումը ևս պայմանավորված էր նարնով, որ Ռուսաստանում ճիշտ էին գնահատվել այդ վտանգները։ Մյուս կողմից պետք է ճիշտ ընկալել, որ հայ-ռուսական այդ գործակցությունը արդեն գործում է, որ քանի որ ռուսական զորքը կանգնած է Սյունիքի արևելյան սահմաններում»,-նշել է Հարությունյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հենց ՌԴ-ին դիմել, այլ ոչ թե ՀԱՊԿ-ին, Հարությունյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը համապատասխան հայտարարություններ է արել և այս առումով կատարել է իր պարտավորությունները։ Նա նաև հավելել է․«ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում գործում է հայ-ռուսական միացյալ խմբավորումների տեսքով։ Երբ մենք դիմենք ՀԱՊԿ-ին, որպեսզի աջակցի մեզ, այդ դեպքում նորից գործում է հայ-ռուսական համակագործակցությունը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 11698 զինծառայողներ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։