Իրանը Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից տարածքներում տեղակայել է երկրի զինված ուժերի զրահատանկային զորամասեր:
Այս մասին Mehr գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի հյուսիսարևմտյան նահանգում բանակի շտաբի պետ, երկրորդ բրիգադի գեներալ Ալի Հաջիլին։
Նա ընդգծել է, որ բանակը պատասխանատվություն է կրում Իրանի սահմանամերձ շրջանների պաշտպանությունն ապահովելու համար ցանկացած հնարավոր ոտնձգություններից:
Հաջիլին նաև հայտարարել է, որ բանակի շտաբն ավելի վաղ ցամաքային ուժեր է ուղարկել հյուսիս-արևմուտք, և այժմ նրանց են միացել նաև զրահատանկային ստորաբաժանումները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 53 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։