Ներկայումս Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀ ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:
«Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում համառ մարտեր են ընթացել, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել ու պաշտպանում են Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին և վճռականորեն են տրամադրված պատվով կատարելու իրենց խնդիրը»,- ասել է Սուրեն Սարումյանը:
Հայկական ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել երկու ադրբեջանցի զինծառայողների: Հակառարոդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս հատվածներում:
Ըստ ՊԲ ներկայացուցչի՝ յուրային զորքերը որոշ տեղերում զբաղեցրել են նպաստավոր բնագծեր, ոչնչացվել է թշնամական ուժերի պատկանող մեկ տանկ, 4 միավոր զինտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում որպես ռազմավար վերցվել են հակառակորդի մեկ տանկ և հրետանային միջոցներ:
Սուրեն Սարումյանը նշել է, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ: Այդ իսկ պառճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: «Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկություններին և աղբյուրներին»:
Սուրեն Սարումյանն ավելացրել է, որ զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաներն ամուր են ոգով և պատրաստ են մինչև վերջ պաշտպանել հայրենիքը: