Ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, և ով կրում է պատասխանատվություն։ Այս մասին հրավիրված օնլայն ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ իշխանությանը մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, ինչպես նաև զոհերից խուսափելու համար գնացել են որոշակի քայլերի:
«Պատասխանատվությունն առաջին հերթին իմն է, բայց բոլոր մանրամասները պետք է պարզաբանվեն հանրության համար։ Ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ: Բայց ժողովուրդը պետք է տիրապետի իրավիճակին, պետք է զրույց տեղի ունենա: Բոլորին լսելը շատ կարևոր է: Տեղի է ունեցել հետևյալը. 2018-ի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ հարցը մտել էր «Տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության մեջ», – նշեց նա։
Վարչապետն ընդգծեց, որ նախկին իշխանությունը լավ է իմացել՝ որ կետի վրա է մնացել բանակցային գործընթացը: Իսկ իր վարած քաղաքականությամբ փորձել է փոխել տրամաբանությունը, բայց չի ստացվել։
«Ցավոք, այո, դա մեզ չի հաջողվել, որովհետև մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս՝ տարածքներն առանց որևէ նախապայմանի Ադրբեջանին հանձնելու մասով: Մենք չենք կարողացել փոխել այս տրամաբանությունը և գուցե մեր հնարավորությունները ճիշտ չենք գնահատել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։