Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարան էր ներկայացվել թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ Էրդողանի հրամանագրի նախագիծը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքների ապահովմանը, ТАСС գործակալության հաղորդմամբ՝ կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կլինի մոնիթորինգային կենտրոն Ադրբեջանի տարածքում, այնտեղ պետք է ուղարկել թուրք զինվորականների։ Դա Թուրքիայի հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգերի կատարումն է», – նման փաստաթղթի հայտնվելու փաստն այսպես է մեկնաբանել Պեսկովը։ Նա ընդգծել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ մոնիթորինգային կենտրոն ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածություններին, ապա դա Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունք է», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, հայտնել է, որ ադրբեջանական եւ հայկական կողմերը կանգ կառնեն այն կետերում, որտեղ գտնվում են կրակի դադարեցման պահին, իսկ Արցախի տարածքում կտեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահները: