Նոյեմբերի 13-ից սկսած՝ մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։
Այս մասին հայտարարություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 29-74-15 հեռախոսահամարով։ Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։