Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս և Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ:
Ըստ ԱԺ մամուլի ծառայության՝ նամակում մասնավորապես ասված է.
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ջանքերն իրենց նպաստը կբերեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը: Միայն հարցի արդար կարգավորմամբ` Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը»:
Հիշեցնենք, որ նախօրեին 305 կողմ ձայներով Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև։ Բանաձևի նախագիծը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը: