Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է։ Այդ գործընթացը ենթադրում է, որ այդ թվում Գեղարքունիքի մարզում ՀՀ ԶՈւ-ը պետք է տեղակայվեն ՀՀ պետական այն սահմանին, որը հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով։ Ինչպես պարզաբանվել է՝ Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանում, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Իր հեռուստաուղերձի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․
«Սահմանազատումը բարդ գործընթաց է։ Ուզենք-չուզենք՝ դա տեղի է ունենալու ոչ միայն ռուս խաղաղապահների, այլ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»։
Վարչապետը հավաստիացրեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը, որպեսզի այս դժվարին իրավիճակում պաշտպանվեն Հայաստանի ու Արցախի շահերը։
«Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, մենք երբեք ձեզնից չենք թաքցրել։ Այո՛, պատերազմի ժամանակ ճշմարտությունն ասվել է պատերազմի կանոններով։ Վերանայե՛ք առաջին օրվանից ասվածը և կտեսնեք, որ ամբողջ ճշմարտությունը մատուցվել է։ Ուշադիր ունկնդիրն ամեն ինչ կարող էր տեսնել այնտեղ»։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ճշմարտությունն ասվել է նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ։
Հիշեցնենք, որ երեկ Վարդենիսի շրջանում գտնվող Սոթքի հանքավայր են ներխուժել Ադրբեջանի ներկայացուցիչներ և աշխատողներին հորդորել լքել հանքը։ ՊՆ-ն հերքել է փաստը, սակայն Գեղամասարի խոշորացված համայնքի ղեկավարը հաստատել է լուրը՝ ասելով, որ ընթանում են բանակցություններ։ Պարզվել է, որ նոր սահմանագիծը կիսում է հանքը հակյական ու ադրբեջանական հատվածների։