Ռուս խաղաղապահները վնասազերծել են շուրջ հազար պայթուցիկ նյութեր Լեռնային Ղարաբաղում և ապահովել Լաչինի միջանցքում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները։
ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ:
Ռուս խաղաղապահները պայթուցիկներից մաքրել են Լաչինի միջանցքի տարածքը և ապահովել մարտական գործողությունների ընթացքում ավերված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքներ տանող խմբերի անվտանգությունը:
Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորված աղբավայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ դուրս բերել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումների կիրառմամբ:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հա տեղանք և շուրջ 10 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են շուրջ 1000 պայթուցիկ օբյեկտ:
Ռուս խաղաղապահները ապահովում են անվտանգությունը և օգնում թիմերին վերականգնել էլեկտրահաղորդման գծերը, գազատարները, կապի գծերը և տրանսֆորմատորային ենթակայանները:
Անցած օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում վերականգնվել են էլեկտրահաղորդման երեք աշտարակներ, 1,2 հազար մետր գազատար, ավելի քան 1,5 հազար մետր կապի գծեր, ինչպես նաև երկու տրանսֆորմատորային ենթակայաններ: