Արցախ աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Արցախի նախագահի կայքից էլ տեղեկանում ենք, որ քննարկվել են ստեղծված իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչման ուղղությամբ հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ներուժի առավելագույն իրացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրներին: Այս ուղղությամբ ևս կարևորվել է ԱՀ և ՀՀ գործընկեր գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը պաշտոնական այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: Նա հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: