Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում այսօր վերսկսվել են որոնողական աշխատանքները, որոնք երեկ դադարել էին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Այսօր որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի շրջանի գյուղերից Դրախտիկ, Հադրութ և Ջաբրայիլ ուղություններում։ Մինչ այժմ որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է 1247 աճյուն։ Այս պահի դրությամբ այսօրվա որոնողական աշխատանքների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան։ Տվյալները կլինեն երեկոյան, երբ ջոկատները վերադառնան»,-հայտնեց Հ․ Թադևոսյանը։
Նշենք, որ նոյմեբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից հետո միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատերազմական գործողությունների գոտուց դուրս բերել զոհված զինծառայողների աճյունները։