Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Սկզբնապես Նախագահին է ներկայացվել Հանրապետությունում վարակի հնարավոր տարածումը կանխարգելող ախտահանիչ աշխատանքների ընթացքը: Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքներն իրականացնելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել պետական և մասնավոր ձեռնարկություններին, հատկապես քաղաքացիներին ծառայություն մատուցող ընկերություններում իրականացվող աշխատանքներին, մայրաքաղաքի, շրջկենտրոնների, մեծ բնակավայրերի այն տարածքներին, որտեղ քաղաքացիների ակտիվ շարժեր կան:
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, և Արցախում վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող համալիր միջոցառումների շրջանակներում Հայաստանի ներսում և ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղություններով մտցված սահմանափակումների վերաբերյալ Նախագահը նշել է, որ անցակետերում աշխատանքը պետք է իրականացվի բարձր մակարդակով, իսկ քաղաքացիները պետք է պատշաճ ձևով տեղեկացվեն տեղաշարժի հետ կապված բոլոր սահմանափակումների մասին:
Անցակետերում իրականացվող ծառայության շուրջ քննարկման ընթացքում Նախագահին զեկուցվել է, որ Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները տեղում ախտահանվում են: Նախագահն ընդգծել է, որ խիստ կարևորում է նաև ԶԼՄ-ների հետ ակտիվ, օպերատիվ աշխատանքն ու քաղաքացիների համար հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը և հանրության շրջանում իրականացվող իրազեկման արշավները: