Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց հավաքել անհրաժեշտ 50%+1 ձայն՝ ընտրություններում վերջնական հաղթանակի համար։ Արդյունքում՝ ապրիլի 14-ին կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ կպայքարեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ տեղի ունեցող զարգացումների, կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգով պայմանավորված երկրորդ փուլի կայացման կամ հնարավոր հետաձգման, ընտրությունների ելքի վրա ընտրախախտումների ազդեցության, Մասիս Մայիլյանի՝ քաղաքացիներին ընտրություններին չմասնակցելու կոչի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։
-Տիկին Հայրապետյան, ի՞նչ զարգացումներ սպասել Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, արդյոք դրանք տեղի կունենան՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգը։
Կարծում եմ՝ այդ որոշումը ամբողջությամբ Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո է։ Կդժվարանամ այս պահի դրությամբ ինչ որ բան ասել, քանի որ վիրուսի տարածման առկա դինամիկան այնպիսին է, որ դժվար է երկարաժամկետ որոշումներ կայացնել։ Շատ դեպքերում կառավարությունները ոչ միայն երկարաժամկետ, այլ իրավիճակային լուծումներ են կայացնում։ Վստահ եմ, եթե վտանգներ ստեղծվեն՝ համապատասխան որոշումներ էլ կկայացվեն, բայց այս պահի դրությամբ, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի գրանցված դեպք Արցախում չունենք։
–Արցախի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանն իր հերթին կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել երկրորդ փուլին, ո՞րն է նման կոչի պատճառը։ Ինչու՞ հիմա, և ոչ առաջին փուլի ընթացքում, արդյո՞ք ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների ելքի վրա։
Ելնելով պատգամավորի զբաղեցրած իմ պաշտոնից՝ սխալ եմ համարում մեկնաբանել պարոն Մայիլյանի հայտարարությունները։ Այդուհանդերձ, ուղղակի կհենվեմ այն դիտորդական առաքելության գնահատականների վրա, որը Ազգային ժողովի իմ գործընկերներն են իրականացրել։ Նրանք ևս ինչ-որ խնդիրներ նշել էին, բայց այդքանով հանդերձ ընդգծել էին, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են անցել։
-Արցախում անվտանգության համակարգի վրա նոր իշխանության ձևավորման գործընթացի թեկուզ ժամանակավոր ընդհատումն ի՞նչ ազդեցության կունենա։
Եվս մեկ անգամ նշեմ, որ իմ կարծիքով Արցախի իշխանություններն իրենց որոշումները կկայցանեն հիմնվելով հանրային առողջության վրա։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր անվտանգային խնդիրներին, ապա անկախ ընտրությունների հետ կապված ընթացքից, այն, որ առավոտյան մենք վիրավոր ունենք սահմանին, ենթադրում է, որ այսպես թե այնպես Ադրբեջանն իր գործելաոճը չի փոխելու։ Իհարկե ընտրություններն էլ ազդեցություն ունեն, բայց անկախ այն բանից՝ կլինեն թե չեն լինի ընտրություններ, Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր նախկին գործելաոճին։
Նարե Հարությունյան