Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն մայիսի 30-ին խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողոթյունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ստեփանյանը շեշտել է, որ նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ «Հիշեցնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության եւ ռազմական համազորության հետ: Հակառակ դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թթ-ի եռակողմ հրադադարի արդյունքները եւ պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակը։