ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են»-գրել է խոսնակը։
«Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերնով մշակված տեքստը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել և ադրբեջանական կողմում էր հայտնվել օգոստոսի 22-ին, հայ-ադրբեջանական սահմանին, մարտական հենակետի ստուգումների ժամանակ` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: