Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքապահների և դիրքերի առավելությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զինատեսակներ: Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել։ Ունենալով վիրավոր՝ երեկ ադրբեջանցիները ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ»,- հայտնեց Տոնոյանը՝ հավելելով, որ առկա ողջ տեղեկությունը տրամադրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, տեղակացված է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։
«Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի զարգացումների, ոչ պատճաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, զոհ ունենք: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվում»,- ասաց նախարարը:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսյան մարտերից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են: Նախարարը հույս հայտնեց, որ հայկական կողմի համապատասխան գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացքին։
«Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- ասաց Տոնոյանը։
Կառավարության անդամները և պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողի հիշատակը
Հիշեցնենք՝ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։