ԵՄ-ն լրացուցիչ 400 000 եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության կենսական կարիքները բավարարմանը: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ կայքից։
Այս արտակարգ աջակցության շնորհիվ Հայաստանի ու Ադրբեջանի Կարմիր խաչի ներկյացուցչությունները կհասցնեն մթերային հավաքածուներ, վերմակներ, հիգիենայի պարագաներ և այլ շտապ անհրաժեշտ օգնություն քաղաքացիական անձանց, որոնք ստիպված են եղել փախչել մարտական գործողությունների պատճառով:
Նշվում է, որ հաշվի առնելով այդ ֆինանսավորումը, հոկտեմբերի սկզբից ԵՄ-ին հատկացված հումանիտար օգնությունը կազմել է 900 000 եվրո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։