Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը: Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:
Կազմակերպել և ղեկավարել է 1915թ.-ի Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո): Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ` թե հակառակորդների, թե կողմնակիցների: Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան:
1918թ. Մայիսյան ճակատագրական, ծայրահեղ ծանր օրերին, երբ թուրքական զորքերը ներխուժել էին Արարատյան դաշտ և անմիջականորեն սպառնում էին Սուրբ Էջմիածնին ու Երևանին, երբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, երբ մի պահ հուսալքությունը ստացել էր համատարած բնույթ, Արամը չընկրկեց: Նա մինչև վերջ մնաց անկոտրում, լավատես, գործնական, անարգ թշնամուն հակահարված հասցնելու հարցում անզիջում և կարողացավ իր շուրջը համախմբել նվիրյալ այլ գործիչների ու ժողովրդի մեջ բորբոքել պայքարի ոգին: Արդյունքում կազմակերպվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք էլ հնարավոր դարձրին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:
Սարդարապատի ճակատամարտից հետո հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն՝ Արամը լծվեց պետական շինարարության պատասխանատու և չափազանց դժվարին գործին, կարողացավ երկիրը պահել համեմատական կայունության մեջ, մինչև որ Հայոց կ. Ազգային խորհուրդը և ՀՀ կառավարությունը տեղափոխվեցին Երևան: ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները:
Արամը՝ առաջնորդվելով ազգային-պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու համար այնքան անհրաժեշտ ազնվություն և անձնական անշահախնդրություն, նախաձեռնողականություն ու հետևողականություն, նպատակային և արդյունավետ գործունեություն ծավալեց երկրում ամուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման և երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի և այլ ուղղություններով՝ ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը:
Հանրապետության հիմնադիրը
Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման, ապա նաև պետականաշինության գործընթացում ունեցած առաջնակարգ և հսկայական ներդրման համար Արամ Մանուկյանը հայոց պատմության մեջ հավերժացավ որպես Հանրապետության հիմնադիր:
Արամ Մանուկյանը ժողովրդի հետ ամենօրյա անմիջական շփումների մեջ գտնվող գործիչը էր։ 1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով եւ 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։ Արամ Մանուկյանի մահը հայ ժողովրդին, պետական ու հասարակական-քաղաքական գործիչներին մեծ վիշտ պատճառեց։ Նրա հուղարկավորությունը համաժողովրդական սուգի վերածվեց։
Արամի ազգանվեր գործունեությունը հետևյալ կերպ է բնութագրել Նիկոլ Աղբալյանը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»: