Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը՝ մինչև արտակարգ դրության ավարտը Քոչարյանի հիվանդանոցում մնալու մասին, կարող է բողոքարկվել։
«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության: Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը մնա համապատասխան բուժհաստատությունում: Եվ ակտը ոչ թե դատարանի կողմից ըստ էության վերջնական կայացված ակտն է,այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև գործի լուծումը կամ այլ խոսքով ասած՝ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ»,-ասաց Դավթյանը՝ հավելելով, որ այս վարույթի կողմերը պաշտպանը և քրեակատարողական ծառայությունն են:
Գլխավոր դատախազի խոսքով՝ որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները իրենց չեն ծանուցում:
«Իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների արդյունավետ իրացման շրջանակներում»,- նշեց նա։
Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հստակեցնող հարցին՝ չի՞ բացառում, որ որոշումը կբողոքարկվի, Դավթյանը պատասխանեց.
«Չեմ բացառում, իհարկե»։
Մեկնաբանելով մայիսի 29-ի ՄԻԵԴ-ի կարծիքը սույն վարույթի վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ առաջիկայում ամբողջական տեքստի հայկական տարբերակը կհրապարակվի, և յուրաքանչյուրի, նույնիսկ ոչ մասնագետների համար պատկերը պարզ կլինի:
«Եվրոպական դատարանի դիրքորոշումը շատ հստակ է, առաջադրված 4 հարցերից 2-ին դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր: Երկու հարցերի կապակացությամբ՝ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել: Այսինքն՝ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարի իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները: Եվ հստակ, ուղղակիորեն մատնանշել է, որ ըստ էության կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում: Ամփոփելով ոչ մասնագետի լեզվով՝ Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն է մեր՝ նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին պետք է անդրադառնա գործն ըստ էության քննող դատարանը, ոչ թե Եվրոպական և նույնիսկ Սահմանադրական դատարանը»,-ասաց Դավթյանը: