Հետախուզման մեջ գտնվող, նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ֆեյսբուքյան իր էջում Գոռ Աբրահամյանը գրել է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյունքում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020 թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին:
Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին, և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Հավելենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է 2008 թ. կատարված ավազակային հարձակման գործով, հետախուզվում էր 2018 թվականի հոկտեմբերից: Անցած տարվա նոյեմբերին նա ձերբակալվել է Ռուսաստանում: