Սևանա լճի ափին շինարարություն է կասեցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
Գրիգորյանը, մասնավորապես, նշել է, որ Facebook սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սևանա լճի ափին, շինարարություն է իրականացվում։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26֊ին Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ֊ի պահպանության բաժնի Սևանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։
Գրիգորյանի խոսքով՝ «Սեւան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ շինության սեփականատիրոջը տեղեկացրել է առկա անհամապատասխանության մասին։
Նշենք նաև, որ տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն։
ՇՄԱԳ փորձաքննության ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի համաձայն՝ ԲՀՊՏ֊ներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ելնելով վերոգրյալից՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է։
«Այս պահին վերոհիշյալ հասցեում որևէ աշխատանք չի իրականացվում», – եզրափակել է նախարարության խոսնակը: