Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ կապված ՄԻԵԴ պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Լևոն Գևորգյանը տարածած հաղորդագրություն մեջ մանրամասնում են.
«2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ: Եվրոպական դատարանը գտավ, որ դաժան հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և արձանագրեց հայերի հանդեպ էթնիկ խտրականության Ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:
Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը և Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետևություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով: Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային:
Նկատի ունենալով այս գործի իրավական կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատ»։
Հիշեցնենք, որ 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացներին մասնակցող Սաֆարովը գիշերը մուտք էր գործել նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնի 16 հարվածով սպանել նրան։ Հունգարիայի դատարանը 2006 թվականին Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց, սակայն Սաֆարովը բանտում անցկացրեց ընդամենը 6 տարի: Ադրբեջանի ու Հունգարիայի իշխանությունների պայմանավորվածության արդյունքում՝ 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին։
Ադրբեջան ոտք դնելուց հետո Սաֆարովն ընդունվեց հերոսի պես, նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց, մայորի զինվորական կոչման արժանացրեց ու աշխատավարձ վճարեց։