«Դեռեւս ս/թ հոկտեմբերի 28-ին իմ կողմից որոշում է կայացվել և իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել»,-այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ արդեն նախկին տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանը։
Նա հայտնել է, որ այսօր ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ծանր ու դժվարին այս իրավիճակում համատեղ կատարած աշխատանքի համար, իրեն առաջարկել է շարունակել ծառայությունս տնօրենի տեղեկալի՝ իր նախկին պաշտոնում, որին ինքը չի համաձայնել՝ միեւնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իր խնդրանքը, որը բավարարվել է:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չեմ ներկայացնելու, որոնց գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնամ ռազմական գործողությունների ավարտից հետո:
Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ և Արցախի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ հատկապես այս օրերին կատարած անձնվեր աշխատանքի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ԱԱԾ տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու առաջարկությամբ: ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը: