Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր նշանակված էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության այլ նախկին պաշտանյաների դատական նիստ։
Armenia Today-ը կապ հաստատեց Սարգսյանի պաշտպաններից մեկի՝ Ռուբեն Հակոբյանի հետ, որը տեղեկացրեց, որ նիստը չի կայանալու։
«Դա կարող է կապված լինել գործում ներգրավված այլ անձանց հետ։ Դատական գործը միայն Սերժ Սարգսյանի հետ կապված չէ»,- ասաց Հակոբյանը։
Նիստը հետաձգելու մասին միջնորդությունը ներկայացրել է երրորդ նախագահի պաշտպաններից Ամրամ Մակինյանը, որը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ միջնորդության մանրամասները չի կարող առայժմ հրապարակել։
Armenia Today-ի տեղեկություններով՝ Սարգսյանը նիստին չի ցանկացել ներկայանալ անձնական պատճառներով։
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):