ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում նշված է․
«Այս պատերազմի առաջին պահից, 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր ու ժամ մեզ հետ են եղել Հայերի իրավունքների պաշտպանության (Armenian Rights Watch Committee) համանախագահներ, ԱՄՆ ազդեցիկ հայ փաստաբաններ Կարօ Ղազարեանն ու Գառնիգ Քերքոնեանը:
Պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը, շնորհիվ իրենց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, ԱՄՆ հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) միջոցով հանրային լայն իրազեկման աշխատանքներ են տարել ու մինչ օրս շարունակում են տանել պատերազմական գործողությունների, ադրբեջանական իշխանությունների իրական նպատակների ու Արցախում և Հայաստանում նրանց գործած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ:
Թե՛ ես, թե՛ Արցախի իմ գործընկեր Արտակ Բեգլարյանը (Artak Beglaryan), որպես Մարդու իրավունքների պաշտպաններ, երբեք նրանցից անգամ ակնարկ չեն լսել, որ անհրաժեշտ աջակցության ծավալն ահռելի է՝ սկսած մասնագիտական ամենաբարդ վերլուծություններից մինչև անգլերենով զեկույցների ու հայտարարությունների թարգմանություններով աջակցություն:
Մեր գործընկերները բացարձակ նույնն են արել 2016թ. ապրիլյան, 2020թ. հուլիսյան ու մյուս բոլոր պատերազմական գործողությունների ժամանակ:
Մասնավորապես, տեղի ունեցող յուրաքանչյուր հավաք, ոստիկանական գործողություններ, երեխաների ու կանանց, զինծառայողների իրավունքներ կամ մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած այլ հարց մշտապես նրանց անմիջական ուշադրության կենտրոնում է:
Յուրաքանչյուր անգամ հրապարակային արձագանքներով ու մասնագիտական վերլուծություններով նրանք միայն օգնել են թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ Կառավարությանն այդ խնդիրների ճիշտ լուծումներ գտնելու, այդ լուծումները միջազգային լավագույն փորձին համապատասխան կարգավորելու հարցում: Իսկ Հայաստան ու Արցախ նրանց ավանդական այցերը գլխավորապես օգտագործվում են հենց այս խնդիրները քննարկելու, դրանց լուծումները գտնելու նպատակով:
Մեր ամերիկահայ գործընկերներն իրականացնում են նաև ակտիվ դասախոսական ու վերապատրաստման աշխատանքներ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում և Արցախում: Օրինակ՝ Կարօ Ղազարեանը 22 տարի եղել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող համալսարանի իրավունքի դպրոցի դեկան, իրավունքի պրոֆեսոր ու նաև քրեական գործերի քննության հարցեր է դասավանդել ԱՄՆ Քննությունների դաշնային ծառայության (FBI) համար: Գառնիկ Քերքոնեանն այս պատերազմի ընթացքում Արցախի անունից դատական հայց է հարուցել ԱՄՆ դաշնային դատարանում Վաշինգտոնում:
Բայց ամենակարևորն այն է, որ պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը վերապատրաստում են իրականացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար՝ հատկապես կապված քրեական գործերի քննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկ խնդիրների, միջազգային փորձի հետ:
Նրանք մեծ դեր են ունեցել 2017թ. նոյեմբերին Արցախի պետական համալսարանում իրավաբանական կլինիկայի ստեղծման ու այդ կլինիկայում ժամանակակից պայմաններում մասնագետների պատրաստման հարցում: