Այս պատերազմը միայն Արցախի դեմ չէ։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ շեշտելով, որ այսօր տարածաշրջանում դիրքերի փոփոխության պայքար է գնում։
Սովետական միության փլուզումից հետո և՛ Թուրքիան , և՛ Իրանի իսլամական հանրապետությունը բավականին ակտիվացել էին տարածաշրջանում իրենց ազդեցությունը ծավալելու համար։ Ադրբեջանում ակտիվ դիրքավորվեց Թուրքիան, Հայաստանն էլ ակտիվ համագործակցություն սկսեց Իրանի հետ, իսկ Վրաստանը՝ չեզոքություն է պահպանում։
Հիմա իրանագետն ասում է, որ այս խաղաթղթերը փորձում է Թուրքիան խառնել։
«Եթե մինչև հիմա պայքարը եղել է Արցախի և Ադրբեջանի միջև, ապա այս պահին մենք տեսնում ենք, որ պայքարում ներքաշվել է նաև Թուրքիան և փորձում է Կովկասում նոր խաղացող դառնալ, փորձում է պարտադրել Արցախի խնդրի կարգավորման այլ ձևաչափ, որը բացարձակապես չի բխում Իրանի շահերից, քանի որ նա չի կարող Կովկասում տեսնել Թուրքիայի էլ ավելի մեծ ազդեցությունը։ Սա հակասում է նաև նրա ազգային անվտանգության շահերին»,- նշեց նա։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումների կապակցությամբ հայտարարեց, որ պատրաստ է օգտագործել իր բոլոր կարողությունները՝ հրադադարի ռեժիմ հաստատելու և հակամարտող կողմերի միջև բանակցությունները սկսելու համար: Սակայն, Իրանը սկսեց կոշտ դիրքորոշում արտահայտել, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ի երկու ականանետային արկերը սխալմամբ ընկան իր տարածք։
Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Իրանը ստիպված է ուժեղացնել սահմանների ամրությունը։
«Թուրքիան բավականին ակտիվացել է նաև Նախիջևանում։ Եթե մի փոքր էլ Թուրքիայի կողմից ակտիվացում լինի, մենք կտեսնենք Իրանի հակազդեցությունը Թուրքիային։ Դա կլինի ինչպես դիվանագիտական դաշտում, այնպես էլ գործի կդրվեն ճնշման այլ մեխանիզմներ։ Իրանն իր արսենալում ունի հակազդեցության բոլոր «զենքերը», դա վստահ կարող ենք նշել, որովհետև այդ երկիրը տիրապետում է ամբողջ գործիքակազմին։ Եվ կտեսնենք Իրանի առավել առարկայական հակազդեցությունը Թուրքիային։ Մենք այստեղ տեսնում ենք կոնկրետ շահերի բախումներ։ Որևէ երկիր չի պատրաստվում զիջումների գնալ»,- ասաց նա։
Փորձագետն ընդգծում է, որ տարածաշրջանում իրենց ազդեցությունը տարածելու հարցում Թուրքիան և Իրանը մշտապես եղել են մրցակիցներ։
«Բավական է նայենք, թե Մերձավոր Արևելքում ինչպիսի քաղաքականություն է իրականացնում Թուրքիան, և թե դրան ինչպես է հակազդում Իրանը, պարզ կդառնա, որ այդ մրցակցությունն ակտիվ է Մերձավոր Արևելքում։ Կան հատվածներ, որտեղ իրենք համագործակցում են, բայց հիմնական մրցակիցներ են և փորձում են մեկը մյուսին բալանսավորել, որպեսզի մեկինը չգերակշռի մյուս ազդեցությանը։ Նույն վիճակը հիմա տեղափոխվել է կովկասյան թատերաբեմ։ Էրդողանը ամիսը մեկ, երկու ամիսը մեկ տարածաշրջանում ինչ-որ մի խնդիր է ստեղծում և տպավորություն կա, որ դա անում է իր ժողովրդի ուշադրությունը երկրում առկա խնդիրներից շեղելու համար»,- ասաց նա։
Իսկանդարյանի խոսքով՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Թուրքիան շարունակելու կոնֆլիկտում դեր ունենալ, երբ տնտեսությունը վատ վիճակում է։ Պատերազմի վերսկսմամբ թուրքական լիրան գահավիժել է, ոսկու գինն էլ բավական բարձրացել է, որը հուշում է Թուրքիայի տնտեսության վատ վիճակի մասին։
Իրանագետի կարծիքով, եթե ՌԴ-ն և Իրանը կարողանան զսպել Թուրքիայի գործողությունները, ապա այդ պարագայում Արցախն ինքնուրույն կկարողանա ճնշել Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի երկու ականանետային արկերը սխալմամբ ընկել էին Իրանի տարածք։ Երեկ Հայկական միասնական տեղեկատվական շտաբից փոխանցմամբ՝ Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։