Նավթի գինը համաշխարհային շուկայում շարունակում է անկում ապրել: Brent ապրանքանիշի հում նավթի մեկ բարելն արժե 31,38 դոլար: Համաշխարհային շուկայում նավթի գներն անկում ապրեցին, երբ մարտի 6-ին ՕՊԵԿ+-ի մասնակիցները չկարողացան երկարաձգել վառելանյութի արտահանումը կրճատելու մասին համաձայնագիրը: Արդյունքում ապրիլի 1-ից արդյունահանումը սահմանափակելու պարտավորություն չի ունենա ոչ մի երկիր: Թեմայի առնչությամբ Armenia Today-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«Համաշխարհային շուկայում նավթի գների անկումը պայմանավորված է համաշխարհային տնտեսական աճի տեմպի դանդաղեցման հետ։ Տնտեսական աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է երկրների միջև առկա թաքնված և բացահայտ պատերազմներով, այն է՝ ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-Ռուսաստան, ԵՄ- Ռուսաստան և այլն»,- ասաց Պարսյանը՝ անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գների անկման պատճառներին։
Պարսյանի խոսքով՝ տնտեսական գործընթացների վրա ազդող երկրորդ հիմնական գործոնը վերջին երեք ամիսների ընթացքում ակտիվ տեմպերով կորոնավիրուսի տարածումն է՝ հավելելով, որ Չինաստանում առանձին տնտեսական շրջաններ դադարեցրել են իրենց գործունեությունը։
«Ըստ էության, ունենք իրավիճակ, որ հումքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն էլ իր ազդեցությունն է թողել շուկայի վրա, մի կողմից պահանջարկն է նվազել, մյուս կողմից այս շրջանում առաջարկն է ավելացել և սա հանգեցրել է շուկայում որոշակի ավելցուկի, ինչպես նաև որոշակի խուճապային տրամադրությունների, որ նավթի գները կարող են հասնել 20 դոլարի»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ այս ամենի արդյունքում վերջին օրերին նավթի գինը մեկ բարելի համար 30%-ով անկում ապրեց և սա աննախադեպ է՝ 1990-ականներից սկսած։
Հարցին, թե որո՞նք էին հիմնական պատճառները, որ նավթ արդյունահանող երկրները մարտի 6-ին չկարողացան համաձայնության հասնել՝ Պարսյանը նշեց, որ արդյունահանող երկրներն ունեն նավթի ավելցուկ և ոչ մի երկիր չի ցանկանում հրաժարվել իր արտադրության ծավալներից։
«Հիմնական պատճառը Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալների չկրճատումն է․ Սաուդյան Արաբիան պետք է ապրիլի 1-ից կրճատեր արդյունահանումը, սակայն վերջինս հրաժարվել է և, բնական է, դա էլ իր ազդեցությունը թողել է շուկայի վրա»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ Սաուդյան Արաբիան չգնաց այդ քայլին, քանի որ լուրջ խնդիրներ ունի տնտեսության մեջ։
Եթե նավթ արդյունահանման հարցում երկրները չկարողանան հասնել համաձայնության, ապա ապրիլի 1-ից, չունենալով արդյունահանումը սահմանափակելու պարտավորություն, շուկայում կմեծանա առաջարկը՝ փոխարենը կարող է նվազել պահանջարկը, և այս դեպքում նաև նավթի գինը կնվազի, և նավթ արդյունահանող երկրները տնտեսական վնասներ կկրեն։ Հարցին՝ ի՞նչ մեխանիզմների կիրառմամբ նավթ արդյունահանող երկրները կկարողանան կարգավորել այս ճգնաժամը՝ Սուրեն Պարսյանը պատասխանեց․
«Եթե երկրները չկարողնանա «լեզու գտնել» ՕՊԵԿ+-ի շրջանակներում, ապա դա նրանց կստիպի շուկան։ Երբ շուկայում նավթի գների կտրուկ անկում գրանցվի, բնականաբար առանձին ընկերություններ, ձեռնարկություններ ուղղակի կսնանկանան և շուկայից դուրս կգան։ Այս պայմաններում առաջարկի ծավալները կնվազեն, շուկայում որոշակիորեն գները կկայունանան»։
Անդրադառնալով նավթի համաշխարհային գների անկման հայաստանյան շուկայի վրա հնարավոր ազդեցություններին՝ տնտեսագետը նշեց, որ այս օրերին ոչ միայն նավթի գինն է նվազել, այլև՝ պղնձինը․ այն նվազել է 150 դոլարով։
Հարցին, թե ինչպե՞ս պետք է դիմակայել այդ մարտահրավերներին՝ Պարսյանը նշեց․
«Կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ արագ փոփոխություններ անել, սակայն պարզ է, որ մեր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ որևէ արդյունավետ քայլ չի իրականացվել, որը թույլ կտա այս իրավիճակներին նախապատրաստվել։ Մեր կառավարությունը չունի 2020 թվականի համար ծրագրեր, որը թույլ կտա նման տնտեսական շոկերին դիմակայել։ Սովորաբար ֆինանսատնտեսական ճգնաժամերը 10-12 տարին մեկ կրկնվում են, ցիկլիկ բնույթ են կրում, և առանձին մասնագետներ ճգնաժամ են կանխատեսում հենց այս օրերի համար։ Կառավարությունը պետք է փորձի այդ «անվտանգության բարձիկները» ստեղծել տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, տնտեսությունը նախապատրաստելու համար»։