Հայաստանն արդեն նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր ու ամենառիսկային երկրներից մեկը համաճարակի առումով: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այսօր մենք ունենք ցավալի, աղետալի վիճակագրություն, ես չեմ ուզում ասել՝ այս ամենն ինչի արդյունքն է, չեմ ուզում ասել, որ շատ կարևոր ժամանակ բաց թողեցինք երևի երկիրը հերմետիկ փակելու, ես դրա մասնագետը չեմ, բայց ահազանգում են բժիշկները, որ կարելի է, պետք է անել քայլեր: Հայաստանն այլևս նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր ու ամենառիսկային երկրներից մեկը համաճարակի առումով: Որևէ անձնական խնդիր չկա և ընդդիմությունը որևէ քաղաքական շահ չունի, յուրաքանչյուր կյանք մեզ համար կարևոր է: Մենք բոլորս այստեղ նստած պետք է իսկապես լուծում գտնենք այս իրավիճակից, եթե իրավիճակը իսկապես չի դարձել անկառավարելի»,- նշեց նա:
Անդրադառնալով ոստիկանությունը բարեփոխելուն, պատգամավորը նկատեց, որ տարիներ շարունակ տեսել ենք, թե ինչ է կատարվում ոստիկանական համակարգում, որ ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել, բայց շատ կարևոր է ոստիկանի կերպարը, թե ինչպիսի ոստիկան պետք է ունենանք:
Նա նշեց, որ մենք այնպիսի ոստիկան ենք ունեցել, որը ճանկռտելով բերման է ենթարկում քաղաքացուն, հետո էլ ասում է՝ քաղաքացին մեքենայի մեջ ինքն իրեն կծել է: Պատգամավորը կարևոր համարեց ցանկացած բարեփոխում և հատկապես՝ կրթական ծրագրերի իրականացումը, քանի որ ըստ Զոհրաբյանի՝ ցակացած օրենք դառնալու է մեռելածին, եթե ականջը հակառակ կողմից փորձենք բռնել: «Որպեսզի մեր օրենքները չդառնան մեռելածին, մենք պետք է կարողանանք սկսել այնտեղից որտեղից պետք է սկսենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարվում էր «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը։