Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:
Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
Նշենք, որ այս պահին Ամուլսարում լարված իրավիճակ է։ Ոստիկանության աշխատակիցները հոդորում են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցները ընդդիմանում են։
Ամուլսարի պահապաններից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին. ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախումներ տեղի ունեցավ։