Ամուլսարի տարածքում լարվածության պատճառ դարձած վագոն-տնակներն արդեն «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականաշնորհված տարածքում են, հեռացվել են նաև ակտիվիստների վագոն-տնակները: Ավարտվել է նաև ակցիան։
Լրագրողների հետ զրույցում ոստիկանության Վայոց ձորի վարչության պետ Գևորգ Ազիզյանն ասել է, որ համայնքապետարանը ժամանակ է տվել, իսկ ոստիկանությունն աջակցել է տնակները տեղափոխելու հարցում: «Հիմա տնակներն արդեն «Լիդիան Արմենիա»-ի սեփականաշնորհված տարածքում են: Մենք մեր գործառույթները շարունակելու ենք, ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնում ենք»,- նշել է Վայոց ձորի ոստիկանապետը: Նրա խոսքով՝ ամեն ինչ հաշվարկված է և տեղի ունենում օրենքի շրջանակներում:
Բողոքի ակցիայի մասնակից, բնապահպան Շիրակ Բունիաթյանն նշել է, որ իրենց պահանջը մասնակի բավարարվել է:
Հիշեցնենք, որ Ամուլսարում կրքերը լարվել էին այն բանից հետո, երբ «Լիդիան Արմենիա» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել էր իր տնակները՝ պնդելով, որ տարածքն իրենցն է, և իրենց գործողություններն օրինական են: