Հուլիսի 1-ից մինչ այսօր 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան: Այս մասին օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Նրանց մի մասը ժամանել էր հայտնի պայթյունից առաջ, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երեւան: Այս հոսքը շարունակական է, այժմ շաբաթը 2 անգամ թռիչք ունենք Բեյրութից Հայաստան: Բոլոր թռիչքները համարյա լիքն են գալիս»,- նշել է Սինանյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ավելացրել է, որ ժամանողներն ունեն տարբեր խնդիրներ, սակայն իրենց գրասենյակն ամեն կերպ ընդառաջում է Լիբանանից Հայաստան ժամանածներին:
Սինանյանը շեշտել է, որ հայրենադարձների աջակցության միջոցառումների փաթեթը դեռևս ուժի մեջ չի մտել: Այն շրջանառության մեջ է դրվելու սեպտեմբերի 1-ից: