Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։
Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի և բոլորը պետք է հասկանան դա։
Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարության, դրա հնարավոր հետևանքների, պաշտոնական Երևանի ու միջազգային կառույցների արձագանքի մասին Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։
– Պարո՛ն, Մինասյան, ինչու՞ է Թուրքիան պաշտպանության նախարարի մակարդակով նման հայտարարություն տարածում, արդյո՞ք սա առաջին նմանատիպ հայտարարությունն է։
– Նախևառաջ պետք է արձանագրել, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ երկիր է։ Չնայած այդ հանգամանքին՝ Թուրքիան դեռ 1990-ականներից իր բացահայտ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, 1993 թ. միակողմանիորեն փակել է ՀՀ-ի հետ սահամանը՝ Հայաստանի նկատմամբ շրջափակման և մեկուսացման քաղաքականություն վարելով։
Հետագա տարիներին ևս Թուրքիայի աջակցությունը եղել է նշանակալի, խոսքը վերաբերում է թե՛ ռազմական ոլորտում ակտիվ համագործակցությանը, թե՛ դիվանագիտական ու քաղաքական աջակցությանը։ Թուրքիան միակ երկիրն էր, որը բացահայտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 2020 թվականի հուլիսյան էսկալացիայի ժամանակ։
Հայաստանը հուլիս ամսին բացահայտ հայտարարեց, որ Թուրքիայի գործողությունները և հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան հակամարտության մաս է և չի կարող լինել միջազգային՝ մասնավորապես ԵԱՀԿ շրջանակներում որևէ նախաձեռնության մաս կամ անդամ։
Այժմ մենք տեսնում ենք, որ Թուրքիան ևս խոստովանում է՝ պաշտոնական մակարդակով հայատարարելով, որ Ղարաբաղյան հակամարտության կողմ է։ Նախկինում չեմ հիշում Թուրքիայի կողմից նմանատիպ բացահայտ հայտարարություն։ Աջակցության մասին հայտարարութուններ եղել են, սակայն հայտարարել, որ հակամարտության կողմ է՝ սա կարծես թե նորություն է։
Բավական կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուշադրություն դարձնեն այս հայտարարությանը և հետագայում Թուրքիայի կողմից ցանկացած ակտիվություն կամ նախաձեռնություն կանխվի կամ մերժվի՝ հաշվի առնելով Թուրքիայի այս դիրքորոշումը։
– Թուրքիայի պաշտպանության նախարարի այս հայտարարությունն ի՞նչ հնարավոր հետևանքներ կունենա, արդյոք ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան ևս կներգրավվի, և ո՞րը կլինի Թուրքիայի հավակնությունները զսպող ուժը։
– Թուրքիայի ներգավվելու կամ չներգրավվելու հարցն ավելի շատ իրավական հարթության մեջ է և հենվում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրված փոխօգնության պայմանագրի վրա։
Թուրքական կողմին հիմնական զսպիչ ուժը ռուսական գործոնն է․ պատահական չէ, որ հուլիսյան էսկալացիայի ժամանակ Թուրքիան սկսեց ակտիվորեն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, որը, ի դեպ, ավելի ակտիվ էր քան 2016 թվականի ապրիլին։ Այս ֆոնին նկատելի էին ռուսական կողմի հայտարարությունները, մեսիջները, որոնք քողարկված կամ բացահայտ ձևով ուղղված էին հենց Թուրքիային և նպատակ ունեին զսպել Անկարային։
Պատահական չէ, որ հուլիսյան էսկալացիան եղել է ՌԴ անվտանգության խորհրդի երկու նիստերի քննարկման առարկա, ռուսական կողմը տվյալ խնդիրը քննարկել է Թուրքիայի հետ տարբեր ձևաչափերով։ Կարծում եմ՝ Ռուսաստանի շահերից չի բխում, որ Թուրքիան ակտիվանա Հարավային Կովկասում կամ Հարավային Կովկասը դարձնի ևս մեկ անկայունության օջախ։ Այս իրավիճակում Ռուսաստանը բավականին կարևոր զսպիչ գործոն է Թուրքիայի համար։
Այնուամենայնիվ, Ռուսաստանը չի կարող լիարժեքորեն բացառել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին և տեսականորեն, ռազմական գործողությունների պարագայում՝ չլինելով ուղղակիորեն ներգրավված, Թուրքիայի կողմից Ադրբեջանին տարաբնույթ աջակցություն կցուցաբերվի։
– Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ արձագանքը, ինչպե՞ս պաշտոնական Երևանն այս հայտարարությունը կարող է օգտագործել միջազգային հարթակներում։
– Պետք է արձանագրենք, որ հայտարարությունն արվել է Թուրքիայի պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որը կարևոր իրողություն է։ Հայկական կողմն այս հանգամանքը պետք է օգտագործի՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ Թուրքիան որևէ դերակատարում չի կարող ունենալ ցանկացած միջնորդական ձևաչափում։ Պետք է նաև հնարավորինս ընդգծել Թուրքիայի ապակառուցողական գործելաոճը հարևան տարածաշրջաններում։ Այս առումով, կարծես թե հայկական կողմը հստակ դիրքավորվել է․ դեռևս հուլիսից մենք տեսնում ենք արտգործնախարարության կողմից բավական կոշտ ձևակերպումներ ու շեշտադրումներ պարունակող հայտարարություններ՝ ի պատասխան Թուրքիայի գործողությունների ու տարաբնույթ հայտարարությունների։
Կարծում եմ՝ այս գործելաոճը պետք է շարունակել, միևնույն ժամանակ տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել Թուրքիայի ապակառուցողական գործելաոճի մասին։ Այս առումով մի շարք շահագրգիռ երկրների հետ ևս կարող ենք համագործակցել։
Գաղտնիք չէ, որ Թուրքիան բավականին լարված հարաբերություններ ունի արևելամիջերկրածովյան ավազանում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում։ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը նրա համար ստեղծել է նոր հակառակորդներ, որոնք, ըստ էության, տվյալ իրավիճակում կարող են դառնալ մեր բնական դաշնակիցները։
– Միջազգային հանրությունից ի՞նչ արձագանք կարող ենք ակնկալել։
– Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան գործընթացները։ Արևելամիջերկրածովյան ավազանում Թուրքիայի ապակառուցողական քայլերի հետ կապված անգամ ԵՄ շրջանակներում տարբեր մոտեցումներ և գնահատականներ կան՝ հիմնականում գերակշռում են հակաթուրքական տրամադրությունները, այնուամենայնիվ ակնկալել, որ ԵՄ-ն միասնական կոշտ դիրքորոշում կորդեգրի՝ մեծ չէ հավանականությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը ԵՄ մի շարք երկրների համար։
Ակնհայտ է, որ ԵՄ-ն որոշակիորեն կփոխի իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ. հնարավոր են հայտարարություններ, չեմ բացառում անգամ պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, կտրուկ քայլեր Թուրքիայի նկատմամբ չարժի ակնկալել։
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ ստեղծված իրավիճակում Թուրքիայի շահերը բախվում են տարբեր տարածաշրջաններում գտնվող մի շարք այլ երկրների հետ՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին, Իսրայելին, Ռուսաստանին։ Բնականաբար, ստեղծված խճանկարը կարիք ունի բավականին լուրջ ուսումնասիրության, ինչը ևս մեզ համար կարող է որոշակի գործողությունների հիմք հանդիսանալ։
Վարդուհի Մկրտչյան