Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։ Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։ Թեմայի առնչությամբ Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ։
Գազի սակագնի շուրջ տեղի ունեցող զարգացումներին անդրադառնալիս փորձագետն ընդգծեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը ենթադրում է գազի ներքին գնի բարձրացում, իսկ բոլորիս հայտնի այն փաստը, որ օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է ռուսաստանյան «Գազպրոմին»՝ սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով, գազի արտաքին գնին է վերաբերում, այստեղ, ըստ նրա, կա տարբերություն։
«2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը՝ դառնալով 165 դոլար։ Կար պայմանավորվածություն, որ 2020 թվականի ապրիլի 1-ից «Գազպրոմը» կարող էր դիմել ներքին սպառման գները բարձրացնելու համար։ Ինչի մասին դեռ հունվարին հայտարարվել էր, և ինչի շրջանակներում էլ «Գազպրոմ Արմենիան» դիմել է, որ գազի գինը բարձրացվի։ Փոխվարչապետը դիմել է Մոսկվային, որպեսզի բանակցություններ սկսի գազի արտաքին գնի նվազեցման շուրջ․ սրանք տարբեր են»,- ընդգծեց նա։
Մանվելյանը դժվարացավ մեկնաբանել՝ ի՞նչ ազդեցություն կունենա գազի ներքին գնի բարձրացումը հայաստանյան կազմակերպությունների և սպառողների վրա՝ ընդգծելով, որ փաստացի «Գազպրոմ Արմենիան» պահանջում է, որ ներքին սպառողների համար գինը բարձրացվի։ Փորձագետի խոսքով՝ հայտարարությունից պարզ է դառնում, որ խոշոր սպառողների համար մի փոքր գնիջեցում կլինի, իսկ հիմնական սպառողների համար՝ մինչև 36 տոկոս բարձրացում։
Ըստ նրա՝ գնային քաղաքականությունը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պարզապես «Գազպրոմ Արմենիան» պետք է հիմնավորի պահանջը՝ ինչու՞ է գինը բարձրացնում։
«ՀԾԿՀ-ում, եթե գտնեն պահանջը հիմնավոր է, որպես կանոն, չեն կարող մերժել։ Այլ բան է, որ ներկայացված՝ 30-36 տոկոսը, որպես կանոն, իջեցվում է, բայց միևնույն է բարձրացում լինելու է, գուցե ոչ 36 տոկոս, բայց 20-25 տոկոս»։
Փորձագետը ձեռնպահ մնաց մեկնաբանել՝ ինչու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել բնական գազի գնի բարձր մակարդակը։ Ըստ նրա՝ սա արդեն ենթադրությունների տիրույթում է։
Նշենք, որ հեռախոսազրուցի ժամանակ կողմերն արձանագրել էին, որ գազի գինն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին։
Մանվելյանը վստահեցրեց, որ գազի գինը պետք է որոշվի Մոսկվայի հետ բանակցությունների արդյունքում։
«Գնային այլ տարբերակ գոյություն չունի աշխարհում։ Գազը միջազգային ապրանք չէ և միջազգային ընդունված միջինացված գին գոյություն չունի։ Սա ընդամենը երկկողմ՝ Հայաստան-Ռուսաստան բանակցությունների արդյունք է։ Եթե դա հաջողվի, կարելի է գազի գինը սկզբունքորեն իջեցնել»-նկատեց նա։
Դիտարկմանը՝ թե ըստ որոշ մասնագետների բանակցությունները պետք է ուղղված լինեն ոչ թե գազի սակագնի վերանայմանը, այլ 2013 թվականի հայ-ռուսական գազային համաձայնագրի որոշ կետերը վերանայելուն, փորձագետը համոզմունք հայտնեց, որ բանակցությունները պետք է ընթանան գազի գնի վերանայման շուրջ, այլ խնդիր չկա՝ թերհավատորեն մոտենալով, որ դա ներքին սպառողի վրա որևէ ազդեցություն կունենա։
Նարե Հարությունյան