Վաղը՝ օգոստոսի 20-ին, Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը:
Այն դիտելու հնարավորություն կունենաք ընդամենը 4 օր, հայտնում է պատկերասրահն իր ֆեյսբուքյան էջում։
Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը, պատկերասրահի այցելության ժամերը կսահմանվեն 11:00 – 20:30:
Ցուցահանդեսի տոմսեր կարող եք ձեռք բերել Ազգային պատկերասրահի տոմսարկղից և TOMSER.AM կայքից: Նշվում է, որ նախքան Արտակարգ դրությունը ձեռք բերած տոմսերը ուժի մեջ են:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում: