Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ երկու նվագախմբային պիեսները «Հիշողություն» լարային նվագախմբի և «Անտառի գիշերը» սիմֆոնիկ նվագախմբի համար:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս նախաձեռնությունը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին։
Ինչպես տեղեկացնում են նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, ձայնագրությունները կատարվել են Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում։ Նշված ստեղծագործությունները պահվելու են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։
Նվագախմբի համար գրված Կոմիտասի բնօրինակ ստեղծագործությունները հանրությանն առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից այս տարվա դեկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության ընթացքում։