Երևանի քաղաքապետարանը Ռայնիսի փողոցում գտնվող շենքի բնակիչներին տեղավորել է հյուրանոցում։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի Facebook-յան էջը։
«Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի առավոտյան պայթյունի հետևանքով փլուզվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող 4 հարկանի շենքի մի մասը։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով։ Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (ապրանքների բացթողումը կամ վաճառքը, աշխատանքների կատարումը կամ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը) հատկանիշներով: