Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
«Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:
Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին», – ասվում է հեռագրում։
Հիշեցնենք, որ Վրաստանի Դուշեթի շրջանի Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 17 մարդ է զոհվել։ Վրաստանում օգոստոսի 25-ը սգո օր է հայտարարվել։