Հունվարի 14-ի նիստի օրակարգում Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագիծն առաջարկում էր հնարավորություն տալ ներդրումներ իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք ՓԲ ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից:
Ինչպես ասաց զեկուցող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նոր մեկնարկող ծրագրերի դեպքում մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով:
Այն դեպքում, երբ ֆոնդի կողմից ներդրումն իրականացվում է արդեն մեկնարկած ներդրումային ծրագրում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանը համարվում է բավարարված, եթե ֆոնդի կողմից ներդրման իրականացման պահին կազմակերպության զուտ ակտիվների արժեքը գերազանցում է ֆոնդի ներդրման ընդհանուր արժեքը, և առնվազն ֆոնդի մասնակցության արժեքին համարժեք ակտիվները երրորդ անձանց պահանջներով ծանրաբեռնված չեն։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հարցի շուրջ ծավալված ակտիվ քննարկման ժամանակ հնչեցրեց հետևյալ դիրքորոշումը։
«Այդ քննարկումը շփոթեցրեց անգամ ինձ։ Տպավորություն է, որ մենք ռիսկերի կառավարման ավելի լավ մոդել ենք ներդնում, մինչդեռ ճիշտ հակառակն է։ Ուզում եմ ակունքից գալ, մենք ծախսում ենք հանրային միջոցներ։ Մեր գործառույթն է ներդրում անել այնպիսի ենթակառուցվածքում, որտեղ մասնավորը երբեք ներդրում չի կատարի։
Եթե մենք համարում ենք, որ պետությունը նախագծի ընդունումով կառավարելու է ռիսկերը, ուրեմն մեր խորին համոզմամբ պետությունը երեկ, այսօր և վաղը չի կարողանալու կառավարել ռիսկերը»,- ասաց նախարարը։
Չնայած իրարամերժ կարծիքներին, նախագիծը Կառավարությունը հաստատեց։